«Երբևէ էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացում հայտով չի եղել, եղել է հանձնաժողովի սեփական նախաձեռնությամբ: Մենք ունենք պաշտոնական գրություններ բոլոր կայաններից ու ընկերություններից, որոնցում նույնիսկ պահանջվում էր սակագնի բարձրացումը հունվարի մեկից: Բայց մենք ասացինք` տարի փակվի: Չստացվեց: Հիմա պաշտոնապես հայտարարում եմ, որ բոլոր ընկերություններից ունենք գրություններ պահանջների տեսքով` վերանայել սակագինը»,- ի պատասխան ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանի այն հարցին, թե ինչո՞ւ է հանձնաժողովը սեփական նախաձեռնությամբ առաջարկել էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացումը, ասաց հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանը` հընթացս նկատելով, որ այդ ընկերությունների թիվը 11-ն է, հասկանալի պատճառներով միայն Որոտանի կասկադը չի դիմել: Սակայն անհասկանալի էր Ռոբերտ Նազարյանի այն տրամաբանությունը, թե ինչո՞ւ գազի սակագնի բարձրացում կարող է լինել, էլեկտրաէներգիայինը` ոչ: Ավելին, ըստ նրա, եթե հանձնաժողովը մի քիչ դիվանագիտություն ցուցաբերեր, կարող էր անգամ այս հարցը չքննարկել և բոլորին պաշտոնական գրություն ուղարկեր, թե այսպիսին է իրավիճակը: Այս դիտարկումը վրդովեցրեց
Վարդան Այվազյանին, և նա նետեց. «Բաշխիչ ցանցերը որևէ պրոբլեմ չունե՞ն, մեր ատոմակայանը, ՀԷԿ-ե՞րը ունեն խնդիր»: Պաշտոնյան բացատրեց, թե համակարգում առաջացած 18 մլրդ դրամ ճեղքվածքի 5,7 մլրդ դրամը ՀԷԿ-ի մասնաբաժինն է: «Բոլորն էլ այստեղ իրենց բաժինն ունեն»,- ասաց Նազարյանը:
Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ